*via MediaLab.am
[...] Թրուին Հայաստանում մնաց երկու ամիս և, հետևելով իր հիմնական նախասիրություններին` միասեռականություն, արվեստ, հետզհետե ծանոթացավ կին և մեծ մասամբ քուիր (queer) արվեստագետների գործունեությանը:
«Ես լեսբուհի եմ ու ակտիվ եմ եղել կանանց և քուիր կանանց խմբերում դեռ 80-ականների սկզբից»,- ասում է Թրուին:
«Քուիր» եզրը Արևմուտքում կիրառվում է սեռական փոքրամասնությունների և գենդերային ինքնությունների առնչությամբ, այն սկսել է շրջանառվել նաև Հայաստանում: Օրինակ` իրենց քուիր են բնորոշում Querring Yerevan բլոգի արվեստագետները:
«Արևմուտքի շատ քուիրների համար պայքարն արդեն անցած փուլ է,- ասում է Թրուին,- մենք կարող ենք ամուսնանալ օրենքով, երեխաներ որդեգրել ու մեծացնել, ու ոչ մեկն աչքերը չի չռի, եթե ասես, որ պաշտոնական բիզնես-ընթրիքին բերելու ես քո ընկերուհուն»:
Այսպես Թրուիի մտքով անցավ գրել Հայաստանի քուիրների մասին: Ժամանակի ընթացքում «Հայկական ռապսոդիա» հոդվածը վերածվեց մշակութային հետազոտության:
«Մտադիր չէի համալսարանական մակարդակի գործ անել: Նպատակս էր ներկայացնել երկիրը ու ցուցադրել, թե ինչ ընտիր արվեստ են անում Հայաստանի մի քանի քուիր արվեստագետները, ուշադրություն հրավիրել նրանց աշխատանքի վրա, հետաքրքրացնել մարդկանց»,- ասում է Թրուին:
Նա չի տխրում, որ այդ արվեստագետներից ոմանք «տնկում են իրենց քթերը» և քննադատում Թրուիի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները:
Անկախ ամեն ինչից` Թրուիի հետազոտությունը մի շատ յուրօրինակ Հայաստանի մասին է, անծանոթ նախևառաջ Հայաստանին:
Նա ցույց է տալիս մի այլ երկիր, որտեղ կանայք քաղաքականապես գիտակից են և առաջ են մղում ժամանակը:
Նոյեմբերի 17-ին Բելգիայի Գենտ քաղաքի L-day-ի (Lesbian day/week-լեսբիական օր/շաբաթ) շրջանակներում նա ներկայացրեց այդ հետազոտությունը` դասախոսություն-միջոցառում կազմակերպելով Հայաստանի և հայ քուիր կանանց/արվեստագետների մասին:
Միջոցառման ժամանակ մեծ ոգևորություն էր առաջացրել «Համբուրի´ր ինձ, ես լեսբիանահայ եմ» գրությամբ վերնաշապիկը, նաև երաժիշտ-արվեստագետ Ծոմակ Օգայի առցանց պերֆորմանսը:
L-day-ը նա համարում է մեծ ազգային միջոցառում: Այս տարի այնտեղ առաջին անգամ ցուցադրվում էին նաև կին արվեստագետների գործեր: Թրուին չորս լուսանկար էր տպել Հայաստանի քուիր արվեստագետների գործերից ու ցուցադրել օրվա ընթացքում:
«Կարծեմ` համակարգողներ չկային»,- տխրում է նա` գլխի չընկնելով, որ ինքն է այդ համակարգողը, քանի որ իր հետազոտության մեջ ներկայացնում է ութ արվեստագետների` Սոնա Աբգարյանին, Արփի Ադամյանին, Լուսինե Թալալյանին, Լուսինե Վայաչյանին, Սվետլանա Անտոնյանին, Մելինե Տեր-Մինասյանին, Շուշան Ավագյանին, Ծոմակ Օգային:
Թրուին Երևանում գտավ կանանց իրավունքների խնդրով ակտիվորեն զբաղվող մի խումբ արվեստագետների ու գնահատեց դա «ստաժավորի» դիրքերից:
Հաջորդ տարի նա Հայաստան կգա արդեն մոտոցիկլով` կտրելով 4416 կիլոմետր:
Քանի որ Թրուի-«հեքիաթասացը» ցանկանում է այցելել նաև Վրաստան և Ադրբեջան, հավանաբար նա կամբողջացնի տարածաշրջանի քուիր պատկերը:
Կարին Գրիգորյան
վճարված է|paid
5 years ago
No comments:
Post a Comment