*press release in Armenian
Բաց Հասարակության ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2009թ-ի դեկտեմբերի 4-ից մինչև 6-ը Հայաստանի մի շարք մարզերում իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավ:
Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Գյումրի, Վանաձոր քաղաքներում կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ և հեռուստաեթերներ, որոնց ժամանակ հանրությանը կներկայացվեն ներարկային թմրամիջոցներ օգտագործողների, նույնասեռականների, սեռական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև կանանց ու երիտասարդների խնդիրները ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեքստում: Կքննարկվի նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը` որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ գլոբալ պայքարի կարևորագույն բաղադրիչ, քանի որ հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր է միայն մարդու բոլոր իրավունքները պաշտպանելու միջոցով:
Քարոզարշավին մասնակցում են խոցելի խմբերի շահերի պաշտպանություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք, Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ, ինչպես նաև Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունները:
Առաջին կլոր-սեղան քննարկումը կիրականացվի դեկտեմբերի 4-ին ժամը 16.00-ին Գյումրի լրագրողների Ասպարեզ ակումբում: Նույն օրը` ժամը 20.00-ին Գյումրիի Ցայգ հեռուստաընկերության ուղիղ եթերով կկայանա հեռուստաքննարկում, որին կմասնակցեն վերը նշված կազմակերպությունների ներկայացուցիչները:
Երկրորդ կլոր-սեղան քննարկումը կիրականացվի Վանաձորում` դեկտեմբերի 5-ին ժամը 15.00-ին, իսկ հեռուստաքննարկումը կկայանա ժամը 19.00-ին Վանաձորի Լոռի հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Լրացուցիչ տեղեկավության ստացման համար կարող եք դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ` Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին ծրագրի համակարգող Ելենա Սարգսյանին (հեռախոս 374322 4 22 68, hcav@hcav.am)
Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office