[in Armenian]
Բարև Սիրելիս
Ինչպե՞ս ես, սե՛ր իմ: Սիրում եմ քեզ այսպես կոչել "սիրելիս", չարաճճի երեխայի նման նայել աչքերիդ ու բառապաշարիցս գողանալ այս արգելված բառը՝ տողերիս մեջ խեղդելով քեզ բարձրաձայն սիրելու անսպառ հագուրդը:
Գուշակի՛ր, թե ինչ եմ անում հիմա: Այո՛, շնչում եմ, շնչում եմ օդը, որ օրեր առաջ գողացել էի քեզանից մեր մշտական ժամադրության սրճարանում: Հիշում եմ ամեն մի պահ, թե ինչպես էի ձեռքերս շղթայում ծխախոտիս մոխիրների մեջ, որ հերթական անգամ չգողանամ այն, ինչ, ավաղ, վաղուց երազում եմ: Արագ-արագ խմում էի այդ գարշահամ սուրճը ու ծխում մեկը մյուսի հետևից, որ ձեռքերիս չտամ ազատություն ու նենգաբար գողանամ մարմնիդ ջերմությունը: Ա՜խ աչքերս, գո՜ղ աչքերս: Ակնոցներիս կեղտոտված ապակիներն էլ էին խանգարում, որ նայեմ քեզ և ուղեղումս հավերժացնեմ այն գողացած պատկերդ, որ մինչև հիմա կբավարարեր կեղտոտ երևակայությունս:
Չեմ սիրում վերցնել այն, ինչ ինձ չի պատկանում, չեմ սիրում գողանալ, բայց դժվարանում եմ տեսնել, սիրել ու հեռանալ:
Գիտե՞ս սիրելիս, միևնույն է, ես գող եմ, ես գողացել եմ, գողացել եմ այն օդը, որ դու արտաշնչեցիր սրճարանում: Գողացա ու թաքցրեցի աղտից ու փոշուց սևացած թոքերիս մի անկյունում, որ տուն բերեմ ինձ հետ:
Մինչ օրս վախենում էի արտաշնչել, որ չբռնվեմ, որ չկասկածես շռայլ շնչառությանս: Իսկ հիմա նստած եմ կողպած սենյակումս ու արտաշնչում եմ այն օդը, որ նենգաբար գողացել էի քեզանից մեր մշտական ժամադրության սրճարանում երեք օր առաջ:
Համբուրում եմ,
Գրիգոր
New Delhi, 2010
Grigor jan,
ReplyDeletevery beautifully written - expressive and emotional without becoming sentimental.
Grigor jan du shat taxandavor es, inch romantik u sirun es grel
ReplyDeleteGrig jan, very, very BEAUTIFUL!!!
ReplyDeleteТалантлив во всем, родной!!!