Saturday 17 December 2011

Article in Aravot daily (AM): «Քարերով, թրերով կգան գեյ-շքերթի»

Despite all seemingly positive changes and signed documents, the situation with LGBT rights has not moved that far in Armenia. Not that it's news, but below is just another indication of the reality that many face in Armenia.

*via Aravot daily

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները իրենց նվաստացած են զգում Հայաստանում

2009 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ 64 երկրների թվում Հայաստանը եւս ստորագրեց մի հայտարարության տակ, ըստ որի՝ մեր երկիրն այլեւս պարտավորվում է բացառել սեռական փոքրամասնությունների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների՝ ԼԳԲՏ-ների) հանդեպ ցանկացած բռնություն: Սակայն փաստաթուղթը այս տարիների ընթացքում չօգնեց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին՝ պաշտպանելու պարբերաբար ոտնահարվող իրենց իրավունքները:

Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները շարունակում են որպես «տեսակ» ծպտված ապրել:

Ոտնահարվող իրավունքների, իրենց հանդեպ ցուցաբերված անհանդուրժողականության մասին վկայում են 27-ամյա Աշոտն ու 21-ամյա Յաշան :

Ըստ Յաշայի, «ոչ մի հայ կամ ինչպես ընդունված է ասել՝ «շրջապատի տղա» չի հանդուրժում միասեռականներին: Եթե հանկարծ իմանան, որ, օրինակ, իրենց հարեւան շենքի Ալիկը գեյ է, դա կդառնա ամբողջ թաղամասի քննարկման թեման. կսկսեն տղերքով հավաքվել ու պլաններ գծել, թե ոնց Ալիկին բռնեն-ծեծեն: Մի քանի տարի առաջ գնացել էի Բուժական՝ ամառանոցում հանգստանալու: Հարեւանները նկատել էին, որ ես միայն տղա հյուրեր եմ ունենում, դրա համար էլ սկսել էին հետեւել իմ ամեն քայլին: Մի օր էլ, երբ ընկերոջս հետ լողավազանում էինք, նկատեցինք, որ լողավազանին կպած պարսպի հետեւի կողմից մեծ-մեծ քարեր են թափվում մեզ վրա՝ հարեւաններն էին…»:

Աշոտի փոխանցմամբ, ինքն էլ է անհանդուրժողականության դրսեւորումների բախվել՝ դեռեւս բանակում ծառայելու տարիներից: «Ինձ անընդհատ նվաստացնում էին, անգամ բռնաբարության փորձեր եղան, իսկ ես չէի կարող բողոքել, որովհետեւ հենց հրամանատարն էր կարգադրել ինձ ճնշել: Ծառայությունից հետո ընդունվեցի բուհ, իմ անձի հանդեպ ճնշումները շարունակվեցին եւս հինգ տարի: Ավարտելուց հետո անցա աշխատանքի, այնտեղ էլ իմ՝ ոչ ավանդական կողմնորոշման համար անվտանգության աշխատողների կողմից ծեծվեցի»,- հիշում է Աշոտը:

Հայաստանում ո՞ր ոլորտում են ԼԳԲՏ ներկայացուցիչները ավելի շատ: Յաշան նշում է, որ հիմնականում գեղեցկության սրահներում են, բարերում, ռեստորաններում. «Սակայն դա չի նշանակում, թե մերոնք կրթություն չունեն: Այն մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, զարգացած անհատներ են: Մեր շրջապատում բժիշկներ կան, որոնք հրավիրվում են արտասահման՝ վիրահատություններ կատարելու, իսկ Հայաստանում նրանց կոլեգաները լուրեր են տարածում, թե այդ գոմիկներին մարդու կյանք մի՛ վստահեք: Մեկը լինի, նման կերպ մտածողներին բուժի»:

Տարածաշրջանի երկրներից որտե՞ղ են ավելի ազատ եւ պաշտպանված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները: Մեր այս հարցի առնչությամբ տղաները նշեցին, որ ԼԳԲՏ ներկայացուցիչների վրա ճնշումներ բոլոր տեղերում էլ լինում են, բայց ամենատխուր վիճակը Հայաստանում է: Նրանց համոզմամբ, Վրաստանում պատկերն ավելի բարվոք է՝ սեփական փորձով են համոզվել, Վրաստանում աշխատելով, ապրելով:

Դիտարկմանը, թե Հայաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող կազմակերպություններից մեկն ամեն տարի հանդուրժողականության մրցանակ է հանձնում լրագրողներին, դա չի՞ նշանակում, որ արդեն կարծրատիպեր են փշրվել, քանի որ նմանատիպ կազմակերպությունները ավանդաբար պնդում են, որ ԶԼՄ-ները հոմոֆոբիա են տարածում, Աշոտը պատասխանեց. «Չեմ կարծում, թե կարծրատիպեր են փշրվել, իսկ այդ մրցանակը տալու փաստը ուղղակի հարմար առիթ է՝ մեր մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելու համար: Համաձայն եմ, լրագրողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին համարում են հիվանդներ, շեղվածներ»:

Իսկ թե ինչպես կընդունվի, օրինակ, գեյ-շքերթի անցկացումը Հայաստանում, Աշոտը համոզված է, որ հայաստանյան գեյ-շքերթների մասին խոսք լինել չի կարող. «Բացառվում է: Եթե հիմա նույնիսկ փողոցով ազատ չենք կարող քայլել, ոստիկաններն անընդհատ հետապնդում են մեզ, էլ ի՞նչ շքերթի մասին է խոսքը: Եթե այդ թեմայով անգամ խոսակցություն լինի, մեզ տեռորի կենթարկեն: Նախկին ոստիկանապետն ինքն էր ասել, որ մեզ պիտի վառեն-վերացնեն, բա որ գեյ-շքե՞րթ կազմակերպենք՝ ինչ կանեն»: Շարունակելով ընկերոջը՝ Յաշան ավելացրեց, որ Հայաստանը այս առումով շատ հետամնաց է. «Եթե հանկարծ մարդիկ լսեն, որ գեյ-շքերթ է անցկացվելու, Հայաստանի բոլոր ընդդիմադիր ու դիմադիր ուժերը կմիավորվեն ու քարերով, թրերով-սրերով կգան այդ շքերթին»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

No comments: